AM
23 February 2023 - 10:32 AMT

Ավանեսյան․ Վստահ ենք՝ բոլոր միջոցներն օգտագործվելու են՝ ապահովելու Ամուլսարի անվտանգ շահագործումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով մարդկանց հնարավոր առողջական ռիսկերին, վստահություն է հայտնել, որ բոլոր հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու համար հանքի անվտանգ շահագործումը։

«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»,-հայտարարել է Ավանեսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է՝ որպես առողջապահական գերատեսչություն, ԱՆ-ն հետևում է Ամուլսարի և այլ վայրերում հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող առողջական ռիսկերին և դրա վերաբերյալ պարբերաբար գնահատականներ հնչեցնում:

Փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը թույլ է տալիս շահագործել Ամուլսարի հանքավայրը։ Ներգրավվելու 150 մլն դոլար՝ այս պայմանագրով, ևս մոտ 100 մլն դոլար ՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։

Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը՝ որպես բաժնետեր։ Ազդակիր համայնքները, համաձայն այս պայմանավորվածության, ամեն տարի ստանալու են 7 մլն դոլարի աջակցություն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից։