ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի եթերում, պատասխանելով այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք Հայաստանը հեռանալ ՀԱՊԿ-ից, որն աջակցություն չի ցուցաբերում դաշնակից երկրին, ասել է, որ հարցը այն չէ, թե ՀՀ-ն կլքի ՀԱՊԿ շարքերը՝ հարցն այն է, թե կլքի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ-ի սահմանները, ինչը լուրջ խնդիր է, որը պետք է լուծում ստանա։
«Եթե չկան սահմաններ, չկա պատախասնատվության գոտի։ Մենք բարձրացրել ենք այդ հարցը։ Առանց սահմանները ճանաչելու անհնար է։ ՀՀ-ն ընդունեց Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման և այլ հարցերի հիմք, քանի որ այդ փաստաթղթով ԽՍՀՄ նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես պետական սահմաններ։ Գուցե ոչ մինչև մետրերի ճշգրտությամբ, բայց դա արդեն սահմանազատման հարց է»,-ասել է նա հավելելով, որ հայտնի է՝ ՀՀ տարածքը 29,800 քկմ է։
Գրիգորյանը նաև հավելել է, որ Բաքուն իր գործողություններն արդարացնում է նրանով, թե երկու երկրների միջև չկա սահման։
«Նրանք խոսում են ՀՀ տարածքում որոշ ադրբեջանական գյուղերի մասին, նշանակում է՝ ընդունում են, որ կա սահման։ Ուստի ադրբեջանական զորքերը պետք է հեռանան 2021-2022թթ․ օկուպացված ՀՀ տարածքներից»,-ասել է Գրիգորյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու առաջարկը դեռևս ուժի մեջ է մնում։«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ էր, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի»,-ասել էր նա։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։






