Սիրիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմանը քննարկել է երկրի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները:
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Փետրվարի 23-ին Միրզոյանն այցելել է Հալեպ: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:
Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել իրավիճակին:
Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։ Փրկարար ջոկատները վերադարձել են։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։






