Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում նշել է, որ հիմնավոր փաստ կա, ինչն արտահայտվում է շրջանառվող փաստաթղթերով, որ ՀՀ իշխանություններն արդեն համաձայնություն են տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչը շատ վտանգավոր երևույթ է։
«Սա կամրագրվի, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այսօր ՀՀ–ն Ադրբեջանի և միջնորդների համագործակցությամբ փորձում է սրան այնպիսի փաթեթավորում տալ, որը կքողարկի այն։ Ավելին` ինչու չէ, եթե ստացվի, նաև որպես ձեռքբերում կներկայացնեն սա»,– ասել է Օսկանյանը։
Նա նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի այդ բովանդակությամբ, ապա Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ հետո Նախիջևանի, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի «լղոզել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը, քանի որ Ադրբեջանը կպահանջի, որ սևը-սպիտակով այդ հարցը ձևակերպվի թղթի վրա»։ Օսկանյանը նշել է, որ քողարկումը վերաբերելու է այն հանգամանքին, որ չնայած Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դրույթ է լինելու, սակայն նշվելու է, որ պետք է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսություն լինի։ Սրանով էլ, ըստ նրա, տպավորություն են ստեղծելու, թե պատուհանը բաց է Արցախի ժողովուրդը դեռ կարող է որոշում կայացնել։
Նրա խոսքով այս ամենի հիմքում դրվելու են անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները։ Օսկանյանը շեշտեց սրանք անընդունելի կանխավարկածներն են, և պետք է պայքարենք հենց դրանց դեմ։
«Եթե ՀՀ իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, առաջարկում եմ նրանց գնալ ավելի համարձակ քայլերի այդ հարցն ամբողջապես տեղափոխել իրավական դաշտ։ Կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին և ասել եթե ուզում ես սովետական քարտեզներով սահմանների հարցը լուծել, ապա նախ վերականգնիր ԼՂԻՄ–ի մարզը, որը գոյություն է ունեցել բոլոր սովետական քարտեզներում»,–ասել է Օսկանյանը` հավելելով, որ ՀՀ իշխանությունները պետք է ռիսկի դիմեն և ԼՂ հիմնախնդրի հարցը միջազգային դատարանում ներկայացնեն։
Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմին` նշելով, որ դրա պարագայում էլ նշվում էր, թե անխուսափելի է, սակայն պատերազմում պարտվեցինք, քանի որ այն վարել ենք շատ վատ, չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը, տապալել ենք բանակցությունները։
«1994-2018թթ. հարաբերական անդորրը հայ–ադրբեջանական սահմանագծում պահպանվել է 2 գործոնների շնորհիվ` կայուն դիվանագիտական գործընթաց և ռազմական հավասարակշռություն։ Այդպես է եղել առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք։ Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անգործության և անզորության հետևանք է։ Եթե անխուսափելի պատերազմներ լինեին, ապա դիվանագիտությունը գոյություն չէր ունենա»,-ասել է նա։
Օսկանյանը նշել է, որ ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել` 3 նախագահներն էլ մեկ նպատակ են ունեցել, որ ի վերջո ԼՂ–ն Հայաստանի մաս է դառնալու, իսկ հիմա բանակցային օրակարգը թելադրվում է Ադրբեջանի կողմից, և բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ։
Այս պահին, ըստ նրա, մենք մեր առջև պետք է մի խնդիր դնենք` չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, և ՀՀ իշխանություններն այսօր ունեն այդ հնարավորությունը։
Օսկանյանը հավելել է, որ այդ օրակարգը պետք է ընդլայնել և, օրինակ, ներառել հարցը, թե ինչ է լինելու Շուշիի և Հադրութի ճակատագիրը, մեր գերիների խնդիրը, ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը մեր ինքնիշխան տարածքից։






