AM
27 February 2023 - 09:43 AMT

Քաղաքապետ․ Երևանյան լճի բարեկարգումը դանդաղում է

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ Երևանյան լճի բարեկարգման աշխատանքները դանդաղում են, մինչդեռ պայմանագրով արդեն ժամկետը լրացել է։

Նրան զեկուցել են, որ աշխատանքների իրականացումը երկարաձգվել է եղանակային պայմանների հետ կապված և տաքանալուն պես շատ արագ ավարտին կհասցվի։

Քաղաքապետը հակադարձել է, որ եղանակն արդեն տաքացել է և պետք է արագացնել աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվում են Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: