AM
27 February 2023 - 09:59 AMT

ՔԿ․ 2023-ի վարույթներով պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալից 12-ը կալանավորվել է

2023թ․ վարույթներով պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալից 12-ը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն՝ զգուշացնելով, որ ծառայողական պարտականությունները կատող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

ՔԿ-ում կատարված ՔՕ 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված և քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործունեթյանը միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում, միայն 2023թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։

Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 2-րդ մաս), 3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի և բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին և 3-րդ մաս) հատկանիշներով։

2023թ․ ընթացքում քննվող և մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետևանքով։

Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։

Ընդ որում, կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։ Մասնավորապես՝ 2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։

Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանամն միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ՝ 1 անձի նկատմամբ:

Քննչական կոմիտեն բոլոր քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց և դրսևորել իրավահպատակ վարքագիծ։

Նշվում է, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն, անհամաձայնություն ունենալու պարագայում ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրվական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: