AM
27 February 2023 - 12:53 AMT

ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով կառույցում ներդրվելիք ատեստավորման նոր համակարգի մասին, ասել է` նախատեսվում է, որ աստիճանաբար բոլոր ծառայողներն ատեստավորում կացնեն, բացառությամբ տնօրենի և տեղակալների։

Նա նշել է նաև, որ ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով, հայտնում է Sputnik Արմենիան։

Ատեստավորման նոր համակարգով նախատեսվում է առավել բարձր վարձատրություն, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովում: Նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:

Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։

Մանրամասն ներկայացնելով ատեստավորման ընթացակարգը՝ Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այն, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է կառավարությունը։