AM
27 Փետրվար 2023 - 14:02 AMT

Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին. Պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ և Լաչինի միջանցք

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանը անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը:

Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը:

Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։