Փետրվարի 27-ին Ժնևում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ․ քննարկվել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






