Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Նախատեսվում է, որ բացառիկ դեպքերում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք առաջին անգամ կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Ըստ նախատեսվող կարգավորման առաջարկվում է 81-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին կետով, ըստ որի «այն դեպքերում, երբ անձի՝ առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»:
Ըստ նախագծի, բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Նշվում է, որ օրենսդրական նման փոփոխությունը թույլ կտա «բեռնաթափել ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը»:
Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից։
ՀՀ Քրեական օրենսգրքով ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: