Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ:
Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։
«Նախորդ տարվա սեպտեմբերից տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը հատկացնում ենք մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է ունենալ կարևոր նշանակություն»,-ասել է նա:
ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունն ակտիվացնելու փոխգործակցությունը՝ հայ-իրանական փոխհարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու նպատակով.
«Պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր հեռանկարներ ևս: Գիտեմ, որ համակարգում եք նաև տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտը: Մեզ համար դա կրթության առաջնահերթ ուղղություններից է, և պատրաստ ենք քննարկել համագործակցության հեռանկարները նաև այդ ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մորթազավին ներկայացրել է տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրանական փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն նաև հայկական կողմի հետ կիսելու
«Մեր բարեկամ երկրին՝ Հայաստանին, պատրաստ ենք փոխանցել մեր փորձը: Հույս ունեմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների»,-ասել է նա։
ԿԳՄՍ նախարարը տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունն առաջարկել է դիտարկել, մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող հաստատությունների օրինակով։
«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում, որտեղ ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Հետաքրքրված ենք ինչպես ենթակառուցվածքների զարգացման, պայմանների բարելավման, դասախոսական կազմի վերապատրաստման, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ, այնպես էլ կոնկրետ մասնագիտությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել, որ այժմ արդիականացման փուլում են երկու երկրների միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերը:
Կողմերն ընդգծել են, որ երկու պետությունների համար առանձնահատուկ կարևորություն ունի միջբուհական համագործակցությունը: Կողմերը կարևորել են նաև երկու պետությունների բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման հարցը:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում ընդգծել է հայ-իրանական պատմական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության փաստը Իրանում հայկական եկեղեցիների, իսկ Երևանում՝ Կապույտ մզկիթի առկայությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: