Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տիրող իրավիճակով։
«Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, որպեսզի պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդիկ կարողանան ապահով և անվտանգ ապրել», – ասել է Բերնարդը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա վստահեցրել է, որ Լյուքսեմբուրգն աջակցում է հայ ժողովրդին ու կողմ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նշվել է նաև, որ դրա լավագույն ապացույցը բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցն է և այն, որ իրենք աջակցում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ:






