AM
1 March 2023 - 09:06 AMT

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն Մայր աթոռում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։

Կաթողիկոսը մասնավորապես ընդգծել է գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։

Ի դեմս ԱՄՆ դեսպանի, նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Իր հերթին, դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: