AM
1 March 2023 - 10:48 AMT

Բաթոյան․ 2022-ին ընտանեկան բռնություններից 14 կին է մահացել

Ազգային ժողովում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում լրացումների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ից պատգամավոր Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ 2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնությունների հետևանքով։

ԱԺ-ում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նա հավելել է, որ պաշտպանության մեխանիզմի կատարելագործման շնորհիվ բռնության ենթարկվածներն այլևս չեն թաքցնի նման դեպքերը՝ վախենալով հաշվեհարդարից, հայտնում է Panorama.am-ը։

Նախագծով առաջարկվում է տուժողի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության ցանցի միջոցով և դրա համար 560 մլն դրամով ձեռք բերել 200 էլեկտրոնային ձեռնաշղթա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ խնդիրը լուծելու համար պետք է վեր հանել պատճառները, որոնք ծնել են ընտանեկան բռնություն։ Ըստ նրա, ոչ միայն ընտանեկան բռնության մասին պետք է խոսել, այլ ֆինանսական, հոգեբանական բռնությունների մասին:

«Խնդիրը պետք է լուծել համապարփակ՝ առաջին հերթին մտածելով պատճառների վերացման մասին, ոչ թե հետո մտածել հետևանքների չեզոքացման, որի համար մեծ գումարներ են ծախսվելու»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնութան ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: