AM
2 March 2023 - 08:03 AMT

Չարչյանի գործով նիստին հարցաքննվել է մեկ վկա

Երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Վկան հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորը որևէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։

Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորման անհրաժեշտության համատեքստում։ Վկան հավելել է, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքը չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու և կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք»,-ասվում է գրառման մեջ։

Փաստաբանը հավելել է, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռևս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։

«Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»,-ասվում է գրառման մեջ։

2021-ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց Չարչյանի ու «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրությունը։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարել է քաղաքական հետապնդում ու հայտարարել, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։