Երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները ևս կկարողանան ատեստավորվել, ինչը թույլ կտա նրանց լրավճար սահմանել։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա ներկայացրել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին նախագիծը:
2023-ին կարող են դիմել երաժշտկան և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադպրոցների ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները:
2024-ից սկսած կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ մասնակիցը կստանա 138,300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, հարկերը և տուրքերը հանած՝ 100,000 դրամ: Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111,500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 80,000 դրամ:
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կտրվի 80,600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 60,000 դրամ:
Առաջին փուլի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ։
Դիմումների ընդունումը կմեկնարկի մարտի 15-ից՝ էլեկտրոնային եղանակով: