AM
2 March 2023 - 10:33 AMT

Նոր զորանոցների տեքսը հայտնի է․ Առաջինը շահագործման կհանձնվի տարվա 2-րդ կեսին

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր։

Նա շրջել է շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:

Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ի երկրորդ կեսին:

Պապիկյանը շրջել է նաև մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:

Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: