AM
3 March 2023 - 10:50 AMT

2022-ի ամռանը հրդեհից մահացած զինվորի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը

2022-ի հուլիսին հրդեհից մահացած զինվորի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհն Ազատանի հատվածում:

Այրվածքների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները պահանջում էին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանի և պատասխան տա, հայտնում է «Ազատությունը»։

Մարտի 3-ին Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր: Չնայած մոտ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:

Զինվորն այրվածքները ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի պատճառով:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը: Այդուհանդերձ, կեսօրից քիչ անց նրանք բացել են ճանապարհը՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարի հետ զրուցելու են հեռախոսով:

Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ զինվորը այրվածքներ ստացել է վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։ 10 օր անց զինվորը հիվանդանոցում մահացել է։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։