AM
22 April 2009 - 10:45 AMT

Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ տեղի կունենա «Արթնացեք» գործողությունը

Ապրիլի 23-ին Hayland.Am հայկական սոցիալական ցանցից օգտվողները Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիմաց միջոցառում կկազմակերպեն` «Արթնացեք» նշանաբանով: Ուղիղ ժամը 13.30-ին գործողության դեսպանության շենքի մոտ հավաքված բոլոր մասնակիցները զարթուցիչի զանգերով կազդարարեն փոփոխությունների սկիզբը: Այդ խորհրդանշական խողանջով հայկական սոցիալկան ցանցի անդամներն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են անում ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը : «ժամը եկել է մեկընդմիշտ ճանաչելու Ցեղասպանությունը:Միացեք արդարության ձայնին, փոխեք աշխարհը: Դուք դա խոստացել եք, պարոն Օբամա, դա այն է, ինչ ձեզանից սպասում են… փոփոխություններ», – Ամերիկայի նախագահին կոչ են անում Hayland.Am ցանցի նախաձեռնող խմբի անդամները:

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում իր վարչակազմը 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները կճանաչի որպես ցեղասպանություն: Դեռ ավելին, Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստի մասին դեռեւս 2006 թվականին Բարաք Օբաման, լինելով սենատոր, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին գրել է հենց այդ ձեւակերպմամբ. «1915 թվականին հայ ժողովրդի ցեղասպանության դեպքը «մերկապարանոց պնդում», «անձնական կարծիք» կամ «տեսանկյուն» չէ: Բազմաթիվ պատմական տվյալներով հիմնավորված հայոց ցեղասպանությունը լայնորեն արտացոլվել է փաստաթղթերում»: