AM
22 April 2009 - 13:28 AMT

Հայաստանում անօթեւան ընտանիքների միասնական տեղեկատվական հաշվառման համակարգ է ներմուծվելու

ՀՀ Քաղաքաշինության նախարարությունում օրերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությմաբ կայացավ միջոցառում` նվիրված աղետի գոտու անօթեւան ընտանիքների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներմուծմանը:

«Մենք դեռ անցյալ տարի հայտարարել էինք, որ ձեզ հետ միասին պետք է ստեղծենք միասնական տեղեկատվական համակարգ, որի շնորհիվ կկարողանանք վերջնականապես լուծել անօթեւան ընտանիքների հաշվառման խնդիրը: Եւ այսօր մեր հանդիպման նպատակը համակարգի աշխատանքին հետեւելն է, թե այն ինչպիսի հնարավորություններ կստեղծի մեզ համար, ինչպես նաեւ անօթեւան ընտանիքների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտվել այդ համակարգից եւ մշտապես տեղեկատվություն ունենան»,- նշել է վարչապետը:

Նա նաեւ նշեց առավել կարճ ժամկետներում միասնական տեղեկատվական բազայի ստեղծման կարեւորությունը եւ Քաղաքաշինության նախարարության կայքում համակարգի էլեկտրոնային հասցեի տեղադրման միջոցով ապահովել նրա հասանելիությունը բոլոր օգտագործողների, առաջին հերթին անօթեւան ընտանիքների համար:

Անօթեւան ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային համակարգի ներմուծմամբ ի հայտ կգա ծրագրերը համակարգելու հնարավորություն` ուղղված հանրապետությունում բնակարանային պայմաններով ապահովելուն, դրանց արդյունավետության ապահովմանը, պահանջմունքների գնահատմանը եւ ծրագրերի թափանցիկությանը: