AM
11 March 2023 - 06:26 AMT

Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյանն ու ևս 10 անձ ձերբակալվել են 119 մլն դրամի հափշտակման գործով

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու ևս 10 անձ ձերբակալվել են, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «Cօvid-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ն:

Առողջապահության նախարարի հրամանով՝ նախարարի այդ ժամանակվա տեղակալ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է քովիդով պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության նախարարություն։

Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ:

Առողջապահության նախարարի տեղակալ Սիմոնյանը, պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ», ստացիոնար բուժում ստացողների հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:

Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկի» տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2023 թվականի մարտի 9-ին Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկի» տնօրեն Բ. Շ.-ն, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ըստ կառույցի՝ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունը կապված է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար ծախսերում ենթադրյալ չարաշահումների հետ։

Գևորգ Սիմոնյանը եղել է առողջապահության նախարարի տեղակալ, երբ նախարարությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։ Սիմոնյանը Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 2022 թվականի փետրվարին։2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը, իսկ 2020թ. դեկտեմբերից մինչև 2022-ի փետրվար եղել է առողջապահության նախարարի տեղակալը: