ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբո, քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:
«Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված» ,- նշել է նախարարը:
Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։