Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Cօvid-19-ի համավարակի ժամանակ չարաշահումների գործը վերաբերում է նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։
Հարցին, թե որտեղից գիտի, որ գործը Թորոսյանին է վերաբերում, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել նրա անունը, Մինասյանը պատասխանել է, որ նախկին նախարարն ինքն է հրապարակումներ արել այդ մասին, գրում է Sputnik Արմենիան։
Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արդարադատության հետ կապված խնդիրներ կան, ու իրեն էլ գործի շրջանակում չեն կանչել հարցաքննության։
«Այս ամենում պարադոքս չկա, նորմալ է, մարդն իր պատկերացումներն ու դժգոհություններն ունի։ Իր առաջին կամ երկրորդ հայտարարության մեջ անձամբ է (Արսեն Թորոսյանը– խմբ.) բարձրացրել այդ հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել։ Հրապարակումներում նույնիսկ խնդրում էր, որպեսզի ինքն էլ ներգրավվի։ Բնական է, որ այս կամ այլ ձևով ներգրավված է գործում»,– ասել է արդարատության նախարարը։
Այն հարցին, արդյոք համապատասխանում է իրականությանը ԶԼՄ–ներում շրջանառվող այն լուրը, թե գլխավոր դատախազին դիմում է ներկայացվելու Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար, Մինասյանը պատասխանել է` ինքը չունի նման տեղեկություններ։
Նա հավելել է, որ այդ ամենը նախաքննության գաղտնիքի շրջանակում է։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը 2 ամսով կալանավորվել են կովիդի համավարակի ժամանակ չարաշահումների գործով։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ: Գործով ևս 9 անձ է անցնում: