AM
16 March 2023 - 08:17 AMT

Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, կդիմենք ՄԱԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով կառավարության նիստը, հայտարարել է, որ Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և որ լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։

«Մեր գնահատականը մնում է նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», – ասել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Նա հավելել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳՆ-ին։

«Խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», – ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։