Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:
Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ համայնք, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:






