AM
17 Մարտ 2023 - 11:24 AMT

Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի հայտարարությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ Երևանում հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանը շնորհավորել է Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 16-ի ելույթը՝ նշելով, որ դա ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթում ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, հայտարարել է, թե «Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի Զանգեզուրի միջանցք բացելու պարտավորությունից հրաժարվելու համար»։