2008 թվականի ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծվել է «Լույս» հիմնադրամը, արտերկրի բուհերում սովորող հայ ուսանողներին ֆինանսապես աջակցելու նպատակով
«Լույս» հիմնադրամը, եթե այն նունիսկ գոյություն ունի, անհասանելի է, քանի որ հազարավոր ուսանողներ, չկարողանալով գտնել հիմնադրամի որեւէ տվյալ, արտերկրի բուհերում ուսանելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով իրենց դիմումներն ինձ են փոխանցում»,-հայտարարել է ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արթուր Իշխանյանը, որը բարձր վարկանիշով արտերկրյա բուհերում սովորող հայ ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրի նախաձենողն է:
Այս ծրագիրը, որի իրականացման համար էլ ստեղծվել է «Լույսը», ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար տարածաշրջանում մրցակցության զարգացման առումով:
Տարբեր ինտերնետ ֆորումներում ուսանողները սկսել են կատակել, թե արդեն ժամանակն է «Լույս» հիմնադրամը վերանվանել «Մեղեդի» հիմնադրամի, քանի որ հիմնադրամը, մոռանալով իր անմիջական նշանակությունը, զբաղվում է համերգների ֆինանսավորմամբ, մասնավորապես, Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգի ֆինանսավորմամբ,իսկ ապրիլի 9-ին արդեն հայտնի դարձավ, որ «Jethro Tull» խմբի երեւանյան համերգը եւս կանցնի նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ինչպես հաղորդել է Իշխանյանը, նմանատիպ ծրագրեր արդեն մի քանի տարի է ինչ իրականացվում են Վրաստանում եւ Ադրբեջանում, որտեղ ծրագրի մշակման համար բավական եղավ 6 ամիսը, իսկ Հայաստանում երկու տարին էլ բավարար չէր: «Եվ սա այն դեպքում, որ ծրագիրը քննարկվել է բոլոր պատասխանատու պետական ատյաններում, գիտական եւ հասարակական կազմակերպություններում եւ ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը: Հավանաբար ՀՀ կառավարության վարչական կառուցվածքում խոչընդոտներ կան այս ծրագրի արդյունավետ իրականացման համար: Առաջարկում եմ եւ անհրաժեշտ եմ համարում, շատ երկրների օրինակով, փոխել պատասխանատվության ձեւաչափը: Առաջարկում եմ երկրի նախագահին անձնական պատասխանատվության տակ առնել այս ծրագիրը»,-նշել է նա:
PanARMENIAN.Net-ի թղթակցի «Լույս» հիմնադրամի որեւէ տվյալ գտնելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է.«Ներկայումս կատարվում են տեխնիկական եւ կառուցվածքային աշխատանքներ, որոնց ավարտին հիմնադրամը կգործի բաց եւ հասանելի կլինի»: