Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն, որպեսզի այն բոլորի մոտ նույնը լինի։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից՝ հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում: Նախագծով սահմանվում է, որ այսուհետ, անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի մոտ ալիքների հերթականությունը լինի նույնը»,- ասել է Գաբրիելյանը, հայտնում է Factor.am-ը։
Նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո նաև՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին:
Իսկ մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո: