AM
22 Մարտ 2023 - 15:19 AMT

ԱԺ–ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով չի դիմի ՍԴ

Ազգային ժողովը դեմ է քվեարկել «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծին։

Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի չի մասնակցել նիստին։

Նախագիծը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, ինչպես նաև հարցի վերաբերյալ մամուլում ներկայացված այլ հրապարակումները և բացատրությունները:

Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանին մեղադրում է ՍԴ դատավոր եղած ժամանակահատվածում ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ հնչած մեղադրանքները լեգիտիմ չի համարում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ իրազեկել է, որ դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով, հետևաբար, էական խախտում չկա:

Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր մինչեւ հունվարի 16-ը ներառյալ, մինչդեռ, ըստ փաստերի, վերջինս այդ կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին:

ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել ԱԺ գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 30 պատգամավոր, ուստի՝ որոշումը չի ընդունվել: