ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման մասին՝ հավելելով, որ եթե դա հաջողվի կանխել, առաքելությունն արդեն հաջողված կարելի է համարել։
«Շատ հայեր կարծում են, որ գարնանն Ադրբեջանը հարձակում կսկսի: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է նա։
Ռիտերը նշել է նաև, որ դիտորդների մուտքն Ադրբեջանի տարածք արգելված է, ուստի իրենք չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման ժամանակ։
Նա հավելել է, որ հայերից շատերն ուրախ են ԵՄ ներկայությանը։
Պարբերականը նշում է, որ «վերջին օրերին կրկին հաղորդագրություններ եղան բռնության մասին»՝ Հայաստանը մեղադրել է ադրբեջանական կողմին զինծառայողի սպանության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է Ռիտերի հայտարարությունը»՝ հատկապես դժգոհելով այն հանգամանքից, որ որպես ԵՄ առաքելության հիմնական նպատակ «ներկայացվում է Ադրբեջանից Հայաստանի պաշտպանությունը»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է․ «Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ որպես ԵՄ քաղաքացիական առաքելության գլխավոր խնդիր է ներկայացվում «Ադրբեջանից Հայաստանին պաշտպանելը», ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի այն պնդումը, թե Ադրբեջանը, իբր, ինչ-որ հարձակման է պատրաստվում՝ հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտիչ հայտարարությունների վրա», գրում է APA-ն։
Հաջիզադեն հավելել է, որ առաքելությունը պետք է գործի իր մանդատին համապատասխան։
Նա նաև խոսել է առաքելության «չարաշահումները կանխելու անհրաժեշտության մասին»՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև «հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Եվրամիությունն առաջ է մղում «այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից»։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:






