Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին` մարտի 13-ի թարմացումից հետո ավելացել է ևս 35-ով: Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
85 հիվանդից հոսպիտալացված է 7-ը, 36-ը հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:
Նշվում է, որ Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: