Ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու երեսին։ Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է ինքը` քաղաքացին, դաշնակցական, կանադահայ Կարեն Մկրտչյանը։
«Իմ երեսը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի երեսիս թքելուց հետո…«դավաճանը քո մամադ է» ասեց թքելուց առաջ, մինջ անվտանգության երկու աշխատակիցներ ինձ երկու թևերիցս բռնել էին: Այս է ՀՀ դավաճան իշխանության իրական երեսը: Եվ այս մակարդակի վախկոտնե՞րն են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու թուրքից»,-ասվում է գրառման մեջ։
Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ԱԽ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցնում։
«Միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են: Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:
Ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,-գրել է Սիմոնյանը:
Նա նաև գրել է, որ «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»:
Մկրտչյանին բերման են ենթարկել ոստիկանություն, այնուհետև ազատ արձակել։