AM
3 April 2023 - 08:00 AMT

Լեհ պատգամվորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Լեհաստանի խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելն ասել է, որ Լեհաստանը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. դա պետք է դաս լինի բոլորիս համար։

Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2005 թվականին: Լեհաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: