AM
3 April 2023 - 08:41 AMT

Ավինյանը՝ մետրոյի գծի վրա քարաթափման մասին․ Կարող էին զոհեր լինել, ամենախիստ պատիժը՝ կառուցապատողին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափմանը, ասել է, որ դա արտառոց և շատ վտանգավոր դեպք է՝ կարող էին զոհեր լինել։

«Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Խիստ այն առումով, որ մեր շատ շինարարներ կամ, առհասարակ, տարբեր ոլորտի մասնագետներ, եթե այդպիսիք կարելի է նրանց անվանել, իրենց աշխատանքին շատ իմիջիայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի՝ ռելսերից դուրս գալուն և զոհերի։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին՝ ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով մեղավոր է»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Ավինյանը նշել է, որ դիմացից եկող վագոնի վարորդը, պատահաբար տեսնելով, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։

«Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իրապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել, որը կարող էր բերել շատ վատ հետևանքների», – հայտարարեել է նա։

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոյի աշխատանքը դադարեցվել էր։ Ժամը 15։10-ից կառույցի աշխատանքը վերականգնվել է։