AM
3 April 2023 - 09:11 AMT

Ապրիլի 12-15-ը որոշ երթուղիներ կհամալրվեն նոր ավտոբուսներով

Ապրիլի 12-ից որոշ երթուղիներ կհամալրվեն նոր ավտոբուսներով: Խոսքը 1, 67, 40, 58,97, 22, 38 երթուղիների մասին է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։

Ապրիլի 12-15-ը նախատեսվում է փոքր դասի ավտոբուսներով շահագործել թիվ 67 երթուղին, որը կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաները՝ երթուղու սկիզբը Ներքին Չարբախը կլինի, իսկ վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, հայտնում է Panorama.am-ը։

Վարչության պետի խոսքով՝ թիվ 40 երթուղին իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները:

«Թիվ 1 հիմնական երթուղին 18 հատ բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներով իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները։ Թիվ 58 երթուղին կսպասարկվի Ժոնգ Թոնգ ավտոբուսներով, որի երթուղին կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով՝ Ավան Առինջը կապելով Ավան, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններին»,- ասել է Սարգսյանը:

Թիվ 97 երթուղին էլ կհամալրվի 4 նոր շարժակազմով և վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան, կհամալրվի նաև թիվ 22 երթուղու շարժակազմը և Սիլիկյան թաղամասում կներառի 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները:

Տրանսպորտի վարչության պետը հայտնել է նաև, որ թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի ավտոբուսներով և հավելել, որ մինչև ապրիլի 15-ն ըստ նախատեսվածի շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից մոտ 40-ը, իսկ մայիսից նոր ավտոբուսներով կհամալրվեն թիվ 18 երթուղին, 13 միկրոավտոբուսային երթուղին կրկին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով, թիվ 47 երթուղին՝ 14 ավտոբուսով, թիվ 9-ը հիմնական երթուղին կսպասարկեն 18 բարձր դասի ավտոբուսներ:

Նրա խոսքով՝ թիվ 53 և թիվ 54 երթուղիները նույնպես կփոխարինվեն «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, իսկ Սարի Թաղի թիվ 21 երթուղու «Պազիկների» փոխարեն կմտցվեն փոքր դասի ավտոբուսներ:

«Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս, մնացածը կշահագործվի հունիս ամսից»,-հայտնել է Սարգսյանը և ուշացումը բացատրել կանգառների շինարարությամբ և համապատասխան որակավորման վարորդների ընտրությամբ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա ներողություն էր խնդրել երևանցիներից ուշացման համար, քանի որ փոխադրամիջոցների մեկնարկը նախատեսված էր մարտի 1-ին։

Նա նշել էր, որ ինչպես չինական արտադրության 150 «Ժոնգ Թոնգ», այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։