AM
3 Ապրիլ 2023 - 09:47 AMT

Մարուքյանը ՄԹ-ում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի մասով ՀՀ դիրքորոշումները։ Այդ մասին Մարուքյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։

Այցելության շրջանակում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների»,-ասվում է գրառման մեջ։

Մարուքյանը հավելել է, որ հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։