AM
3 April 2023 - 09:52 AMT

Պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ է արձակվել, հայտնում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր եղել։ Վերջինիս տարել էին ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։

Ըստ ՔԿ հաղորդագրության, մարտի 31-ին Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև պատգամավորից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:15-ի սահմաններում, նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն անհիմն դիտողություն է կատարել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նշվում էր, որ այդկերպ Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը: