Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից այն ապօրինի կերպով կրելու համար: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ներկայացնելով նախագիծը։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։
Նախագծով սահմանվում է նաև զինվորական կամ ծառայողական այլ համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը։
Նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։
Զինվորական համազգեստ ապօրինի կրելու համար տուգանք կսահմանվի` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: