AM
3 April 2023 - 10:41 AMT

Միրզոյանը՝ Ռումինիայում․ ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք

Հայաստանն Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք: Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ընդգծել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում։

ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում:

ԱԳ նախարարները նաև 2023-2024 համատեղ գործողությունների պլան են ստորագրել։

Միրզոյանը Ռումինիայում է աշխատանքային այցով։ Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։