AM
3 April 2023 - 11:53 AMT

Տորք Անգեղի արձանին հարող տարածքում նոր այգի կհիմնվի` ամենամեծը հետխորհրդային շրջանում կառուցվածներից

Նոր այգի կկառուցվի Տորք Անգեղի արձանին հարող տարածքում, որն ամենամեծը կլինի հետխորհրդային շրջանում կառուցվածներից։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը:

Նա շեշտել է, որ այգին ոչ թե վերանորոգվելու է կամ վերակառուցվելու, այլ զրոյից նորն է կառուցվելու։ Նա նշել է, որ այգին երկայնքով կհասնի մոտ 1 կմ-ի, հայտնում է «Փաստինֆոն»։

Այգում կլինեն խաղահրապարակներ, վազքուղիներ, կկառուցվի ամֆիթատրոն, նախատեսվում է տեղադրել բիոզուգարաններ։

Մհերյանը նշել է, որ ծրագիրը բավականին մեծ է, նախագիծը ընկերության կողմից կներկայացվի վարչական շրջանին առաջիկա օրերին։

Մհերյանը տեղեկացրել է նաև, որ Նոր Նորքում նախատեսվում է ունենալ շների զբոսանքի համար նախատեսված տարածք։

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է բակերի և այգիների բարեկարգման, հանգստի գոտիների վերականգնման, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման, փողոցների և մայթերի բարեկարգման, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման, կոյուղատար համակարգերի կառուցման հարցեր։

Երևանի փոխքաղաքապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ծրագրերի ժամկետներին և դրանք սահմանել խելամտության սահմաններում: