Մետրոյի գծերի վրա փլուզման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է` հաղորդում է ստացվել այն մասին, որ ապրիլի 1-ին Երևանի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:
Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՔՕ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։
Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափմանը, ասել է, որ դա արտառոց և շատ վտանգավոր դեպք է՝ կարող էին զոհեր լինել։ «Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին՝ ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով մեղավոր է»,-ասել էր նա:
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոյի աշխատանքը դադարեցվել էր։ Ժամը 15։10-ից կառույցի աշխատանքը վերականգնվել է։