AM
3 Ապրիլ 2023 - 13:58 AMT

Լեհաստանը կընդլայնի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելությունում

Լեհաստանը նախատեսում է ընդլայնել իր մասնակցությունը ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելությունում։ Այդ մասին ասվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպմանը Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ։

ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:

«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:

Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարևոր ձևաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև արդյունավետ փոխգործակցությունը:

Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության և օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ և հետևում են մեր երկրում կատարվող քայլերին:

Կողմերը մեծ նշանակություն են տվել նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջև կառուցողական փոխգործակցությանը:

Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների:

«Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբիետա Վիտեկի` Լեհաստան պաշտոնական այցի հրավերը:

Լեհաստանի խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: