AM
3 Ապրիլ 2023 - 14:22 AMT

Միրզոյան. Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որն Ադրբեջանը չի խախտում

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշել է՝ ներկայացրել է գործընկերոջն այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և ՀՀ-ին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նա նշել է, որ եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից:

Միրզոյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:

«Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահաջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետր:

Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա։

Միրզոյանը նշել է նաև, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։

«Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ»,-ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։