Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ մեկ ամսից մայրաքաղաքում հանրային տրանսպորտի տոմսային փորձնական միասնական համակարգ կներդրվի։
Փորձարկումը 1-2 ամիս կտևի։
«Փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը կներդրվի բոլոր շարժակազմերում։ Կլինեն աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար»,- ասել է Ավինյանը։
Նա կարծիք է հայտնել, որ 2024-ի ավարտին կկարողանան ասել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումն ավարտված կլինի 90-95 տոկոսով։
Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա նշել էր, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։