Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին է նվիրաբերել նոր ներկրված 150 հատ Zhongtong և 87 հատ MAN մակնիշի ավտոբուս։ Որոշումն ընդունվել է ավագանու արտահերթ նիստում։
Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով, որը իրականացնելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղի համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ միաժամանակ ավելացնելով ուղևորափոխադրումների ծավալը և ստեղծելով նոր աշխատատեղեր, հայտնում է Sputnik Արմենիան։
Միաժամանակ, հիշյալ ավտոբուսների մասով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել հայտ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։
Ճանապարհային ոստիկանությունում ավտոբուսների համապատասխան հաշվառումն ու գրանցումներն իրականացվելու են կրկին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից։
150 հատ Zhongtong bus մակնիշի ավտոբուսների ընդհանուր արժեքը 6․6 մլրդ դրամ է, իսկ 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները՝12․3 մլրդ դրամ։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։