AM
4 April 2023 - 11:31 AMT

Բուհերի ընդունելության հայտագրումը կմեկնարկի ապրիլի 15-ից

Ապրիլի 15-ից կմեկնարկի 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023-ի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը պետք է գրավոր դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուս.հաստատության տնօրենն ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի էլեկտրոնային կայքում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

-3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

-անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

-պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

-1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

-ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

-առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: