Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ասվում է «Քաղաքացիական պայմանագիր» ֆեյսբուքյան էջում։
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։
Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը դեռ չավարտված հեռացել է, ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սիմոնյանի գնալուց մոտ 15 րոպե հետո հեռացել է նաև Նիկոլ Փաշինյանը, նա չի ցանկացել պատասխանել, թե ինչ է քննարկվել նիստին, նաև չի պատասխանել՝ արդյոք ՔՊ նիստին քննարկվե՞լ է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը:
Ապրիլի 2-ին Սիմոնյանը Կասկադում թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու երեսին։ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ազգային խայտառակություն» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ ՔՊ խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար, պարտավոր է նախաձեռնել Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա իր հոդվածում անդրադարձել էր օրերս կայացած «զազրելի միջադեպին»՝ նշելով, որ դավաճան բառը ոչ թե կենցաղային հայհոյանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը։






