AM
5 Ապրիլ 2023 - 09:41 AMT

Աբրահամյան․ Բաքվի գործողություններն ամրապնդեցին մոտեցումը, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ապրիլի 4-ի միջադեպին, երբ ադրբեջանցիներն արցախցիներին թույլ չեն տվել տուն վերադառնալ, ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի գործողություններն ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող։

«Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է։

Առհասարակ, Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:

Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը», – ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։

Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված արցախցիները բժիշկների վերահսկողության տակ են։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։