AM
5 Ապրիլ 2023 - 10:54 AMT

Թովմասյան․ Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի՝ գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկելու

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ և որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի։

Նա հավելել է, որ գլխավոր դատախազին գրություն է ուղարկելու, գրում է Aysor.am-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, նաև սահմանափակեցին խոսքի ազատությունը։

Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին», – ասել է Թովմասյանը։

Պատգամավորն ասել է, որ թարգմանելու և իր միջազգային գործընկերներին է ուղարկելու հանձնաժողովի նիստի սղագրությունը.

«Որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։ Գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ»,-ասել է նա։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանն իր ելույթում ասել է․ «Իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով», որից հետո ՔՊ-ական պատգամավորնեը, ընդհատելով Ղազարյաին, պահանջել են, որ նա ներողություն խնդրի։

ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ, լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»։

Հնչել են նաև այլ անհաճո որակումներ։ ՔՊ-ական պատգամավորները հեռացել են դահլիճից, որ չլսեն Ղազարյանի ելույթը։ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն հաջողվել է անել այն, ինչ երազում էր ժողովուրդը. «ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով»։