ԵՄ-ն մոտ 297 մլն եվրո է հատկացրել Հայաստանում ու մի շարք այլ երկրներում երկրաշարժի կառավարման միջազգային վարժանք իրականացնելու համար։ Գործադիրը հաստատել է որոշումը։
Դաշտային վարժանքներին Հայաստանից բացի կմասնակցեն նաև Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն ու Մակեդոնիան։
Վարժանքը կանցկացվի «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ըստ սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ: Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման և համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Մարտի 29-31-ը Երևանում անցկացվել է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցել են Եվրոպական միության ներկայացուցիչները, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից: Մայիսին կանցկացվի նույն թեմայով հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին համաժողովը:
Հայաստանի փրկարարները միջազգային վարժանքների կազմակերպման և մասնակցության հարուստ փորձ ունեն: 2010 թվականին EADRCC-ի դաշտային վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկրի փրկարարական թիմ:






